Հեղափոխության ժամանակ վարչապետն ասում էր ժողովրդին՝ սատարեք մեզ, հիմա ինքը մեզ չի սատարում, խոստանում է ու որևէ բան չի անում. ՌԴ մեկնել ցանկացողները բողոքի ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ)

11:02 • 20.08.20

Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա արցեին Կառավարության  շենքի դիմաց: 

«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, աշխատանքս, ընտանիքս այնտեղ է: Ռուսական կողմը չի էլ ուզում մեզ հետ խոսել, ես դիմել եմ ու պատասխան եմ ստացել, թե ինչի եք գնացել Հայաստան: Կառավարությունում ո՞վ կա, որ իջնի ու բան ասի մեզ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը:

Նշենք, որ նրանք բողոքում են փակ սահմանների դեմ։ Նրանցից մի քանիսն անցած շաբաթ  հրավիրվել էին Կառավարության անդամների հետ քննարկման, սակայն մինչև այսօր չեն ստացել իրենց խնդրի լուծումը:

Ակցիա իրականացնողներից մեկը նշեց, որ հանդիպել են արտգործնախարարի հետ, որն էլ ասել է, թե հարցի լուծումն այն է, որ պետք է նրանց ընտանիքներին ևս Հայաստան բերեն: «Իմաստը որն է, երբ դեպի ներս մարդկանց ընդունում են, իսկ դեպի դուրս չեն թողնում»:

«Եթե արտգործնախարարը բոլորի դիմաց ասում է, թե տեղյակ չէ ՌԴ-ի քաղաքականությունից, էլ ինչ արտգործնախարար: Վարչապետը հեղափոխության ժամանակ ասում էր՝ եկեք, սատարեք, հեղափոխություն անեք, հիմա ժողովուրդն ունի սատարման կարիք, ոչ մի հարց չեն կարողանում լուծել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

ՌԴ մեկնել ցանկացողներից մեկն էլ ասաց, որ Հայաստանի դիմաց բոլորը դռները փակել են, որովհետև, օրինակ՝ Բելառուսի դեպքում նույն խնդիրը չառաջացավ: «Փաշինյանը, որ ընտրվում էր, այստեղ կանգնած ծափ էի տալիս, իսկ հիմա չի իջնում իր տեղից, կարմիր գիծ է գծել Հայաստանի վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում: