Նավալնու կինն այցելել է նրան վերակենդանացման բաժանմունքի հիվանդասենյակում
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կինն այցելել է նրան Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հիվանդասենյակում՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ սանիտարական նորմերը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նավալնու կնոջը՝ Յուլիային չեն թողնում նրա մոտ մտնել: Ապա հայտնի դարձավ, որ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկու աշխատասենյակում հանդիպում է տեղի ունենում Նավալնու կնոջ և նրա ներկայացուցիչների հետ:
«Մեր հիվանդանոց է դիմել Յուլիա Նավալնայան՝ ամուսնու վիճակի մասին տեղեկություն ստանալու խնդրանքով: Մենք տեղեկացրել ենք նրան հիվանդի ընթացիկ վիճակի և բոլոր միջոցառումների մասին, որոնք կատարվել են նրա հոսպիտալացումից հետո»,- ասել է գլխավոր բժիշկը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի առավոտյան Նավալնու մամլո քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում՝ ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և թոքերի արհեստական օդափոխման սարքի միացրել:
Նավալնու քարտուղարն ավելի վաղ ենթադրություն էր հայտնել, որ նրա մոտ թունավորում է եղել: Հստակ ախտորոշումն ավելի ուշ կտրվի: Բժիշկներին հաջողվել է կայունացնել Նավալնու վիճակը։










