Բժիշկները կոմայի մեջ գտնվող Նավալնու մոտ բացառել են կորոնավիրուսը, սրտի և գլխուղեղի կաթվածը
Վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն զննող բժիշկները բացառել են նրա՝կորոնավիրուսով վարակված լինելը, ինչպես նաև սրտի կամ գլխուղեղի կաթվածը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն:
Նավալնու առողջական վիճակի և ախտորոշման մասին այլ մանրամասներ ներկա պահին բժիշկները չեն հայտնում: «Հաշվի առնելով լաբորատոր հետազոտությունների, արյան քննության և գործիքային հետազոտությունների արդյունքները՝ կարող ենք ասել, որ տրավմատիկ վնասվածքի, այդ թվում՝ գանգուղեղային վնասվածքի մասին փաստող տվյալներ չկան: Չկան տվյալներ սրտի կամ ուղեղի կաթվածի և որևէ ինֆեկցիոն հիվանդության մասին, այդ թվում՝ կորոնավիրուսի»,- ասել է մասնագետը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի առավոտյան Նավալնու մամլո քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում՝ ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և թոքերի արհեստական օդափոխման սարքի միացրել:
Նավալնու քարտուղարն ավելի վաղ ենթադրություն էր հայտնել, որ նրա մոտ թունավորում է եղել: Հստակ ախտորոշումն ավելի ուշ կտրվի: Բժիշկներին հաջողվել է կայունացնել Նավալնու վիճակը։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ բլոգեր Ալեքսեյ Նավալնու բժիշկ Անաստասիա Վասիլևան խնդրում է իշխանություններին օգնել տեղափոխել նրան որևէ թունաբանության կենտրոն Եվրոպայում:










