Ձերբակալվել է Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնը և ևս երեք մարդ հինգշաբթի ձերբակալվել են խարդախության և խոշոր դոնորական միջոցների յուրացման մեղադրանքով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դատախազության հայտարարության մեջ:
Կալանքի տակ են առնվել 66-ամյա Բենոնը, 38-ամյա Բրայան Քոլֆեյջը, 56-ամյա Էնդրյու Բադոլատոն և 49-ամյա Թիմոթի Շին: Նրանք մեղադրվում են We Build the Wall («Մենք պատ ենք կառուցում») առցանց արշավի շրջանակներում հազարավոր դոնորներից խաբեությամբ միջոցներ շորթելու մեջ:
Արշավի շրջանակներում ավելի քան 25 մլն դոլար նվիրատվություն է հավաքվել: Ձերբակալված անձինք պնդում էին, որ հավաքված գումարը կհատկացվի սահմանին պատի կառուցմանը, սակայն իրականում յուրացրել են գումարը:
Բենոնն իրեն մեղավոր չի ճանաչում: Նշվում է, որ մեղադրանքի յուրաքանչյուր կետով 20 տարվա ազատազրկում է սպառնում:










