ՌԴ գիտահետազոտական կենտրոններից մեկը հրապարակել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի օգտագործման ուղեցույցը
ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի օգտագործման ուղեցույցը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ըստ ուղեցույցի՝ դեղամիջոցը ստանալուց առաջ հիվանդը պետք է բուժզննում անցնի, այդ թվում՝ չափի մարմնի ջերմաստիճանը:
Ներարկումը հակացուցված է հղիներին և կերակրող մայրերին, ինչպես նաև այն անձանց, որոնք ունեն գերզգայունություն որևէ բաղադրիչի նկատմամբ, սուր ալերգիկ ռեակցիաներ, անամնեզում, սուր ինֆեկցիոն հիվանդություններ:
Նշվում է, որ զգուշությամբ է պետք օգտագործել պատվաստանյութը, եթե հիվանդի մոտ կա երիկամների և լյարդի հիվանդություն, շաքարային դիաբետ, կենտրոնական նյարդային համակարգի և աուտոիմուն հիվանդությունների դեպքում:
Նշվում է, որ որպես կողմնակի ազդեցություն կարող է նկատվել ջերմության բարձրացում, գլխացավ և ընդհանուր թուլություն:
Հիշեցնենք, որ «Covid-19» կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին օգոստոսի 11-ին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նշվում է, որ պատվաստանյութն օրգանիզմը վիրուսից կարող է պաշտպանել երկու տարի:










