ԱՄՆ-ում հայտարարել են, որ ուշադիր կհետևեն Նավալնիի հետ կապված իրավիճակին

08:36 • 21.08.20

Միացյալ Նահանգների իշխանությունները խորապես մտահոգված են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մասին օգոստոսի 20-ին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը, գրում է Reuters-ը։

Օգնականը ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները «ուշադիր կհետևեն իրադարձությունների զարգացմանը»։

«Նա շատ համարձակ մարդ է։ Շատ համարձակ քաղաքական գործիչ է, քանի որ հանդես է գալիս Պուտինի դեմ»,- ասել է նա՝ նշելով, որ «անհրաժեշտ է սպասել և տեսնել, թե իրադարձություններն ինչ զարգացում կունենան»։

Բացի այդ, Սպիտակ տան ներկայացուցիչը Նավալնիին շուտափույթ ապաքինում է մաղթել:

«Որքանով տեղյակ եմ, այս գիշեր նա կարող է տեղափոխվել Գերմանիա, որտեղ բուժում է ստանալու,և ես հույս ունեմ, որ դա կհանգեցնի նրա լիարժեք ապաքինմանը»,- նշել է Օ'Բրայենը։

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:

Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: 

Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։

Ավելի ուշ ՌԴ Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն հայտնել էր, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել վերջինիս վիճակը։

Բժիշկները դեռևս չեն հայտնել վերջնական ախտորոշումը: