Ռուսաստանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել՝ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման հարցով
Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել՝ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի արած հայտարարության պատճառով, ТАСС-ի հետ զրույցում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրեր առաջ հայտարարել է, որ Վաշինգտոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կծանուցի Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ, իսկ այդ ծանուցումից 30 օր անց պատժամիջոցների մի մասը կվերականգնվեն, այդ թվում՝ ուրանի հարստացմանն առնչվող ցանկացած գործողություն սահմանափակելու պահանջը:
Միացյալ Նահանգները որոշել է վերականգնել հակաիրանական պատժամիջոցները, քանի որ օրեր առաջ ՄԱԿ ԱԽ-ում Իրանի նկատմամբ մինչ այժմ գործած զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ամերիկյան բանաձևը, բավարար թվով ձայներ չստանալով, չէր ընդունվել: Այդ իսկ պատճառով Վաշինգտոնն այժմ այլ ճանապարհով է փորձում կոմպենսացնել Անվտանգության խորհրդում բանաձևի չընդունումը:










