Ճապոնիայում պատմական գերեզմանատուն է հայտնաբերվել՝ ավելի քան 1500 մարդու ոսկորներով
Հնագետները պատմական գերեզմանատուն են հայտնաբերել Ճապոնիայում, որտեղ ավելի քան 1500 մարդ է հուղարկավորվել:
Ինչպես փոխանցում է Fox News-ը, գերեզմանատունը, որը հայտնաբերվել է Օսակա քաղաքում, ըստ պաշտոնական տվյալների, թվագրվում է Էդո ժամանակաշրջանին (պատմական ժամանակաշրջան Ճապոնիայում, որի ընթացքում ղեկավարել է Տոկուգավա արքայատոհմը, 1603-1868 թթ):
Օսակայի կրթության և մշակութային ժառանգության գերատեսչությունը հայտնագործության վայրում պեղումներ է կատարել 1991 թվականից ի վեր:
Գերեզմանատունը հայտնի է «Ումեդա դամբարան» անունով, որը Օսակայի 7 պատմական գերեզմանոցներից մեկն է:
«Պեղումների արդյունքում հայտնաբերված իրերը, այդ թվում՝ մարդկային ոսկորները, ներկայում ուսումնասիրությունների են ենթարկվում: Մարդկանցից բացի, գերեզմանատանը նաև կենդանիներ են հուղարկավորվել»,- ասվում է Օսակայի քաղաքային ղեկավարության հայտարարության մեջ:










