Գիտնականները հայտնաբերել են աշխարհում առաջին հիվանդին, որը ՄԻԱՎ-ից ձերբազատվել է առանց բուժում ստանալու

23:55 • 27.08.20

Գիտնականները հայտնել են կնոջ մասին, որը, հավանաբար, առանց բժշկական միջամտության  բուժվել է ՄԻԱՎ-ից: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Nature ամսագրում հրապարակված հոդվածին, փորձագետները համեմատել են մարդկանց փոքրաթիվ խմբի հետազոտությունների արդյունքները, որոնք կարող են ապրել իմունոդեֆիցիտի վիրուսով՝ առանց առողջական վիճակի բարելավման համար դեղամիջոցներ ստանալու։

Հետազոտողներն ուշադրություն են հրավիրել հիվանդներից մեկի տվյալների վրա, որը վիրուսով ապրել է մոտ 25 տարի: Արյան նախնական հետազոտությունը ցույց չի տվել ՄԻԱՎ-ի հետքերը, սակայն հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վիրուսի բջիջները նրա մոտ, այնուամենայնիվ, կան, սակայն դրանցից ոչ մեկն էլ ունակ չէ հետագա վերարտադրման: 

Վիրուսաբանները կարծում են, որ կնոջը կարելի է անվանել առաջին մարդն աշխարհում, որի իմունային համակարգն ինքնուրույն, առանց բուժումների և ոսկրածուծի փոխպատվաստման (ինչպես եղել է այն հիվանդների դեպքում, որոնց բժիշկներին հաջողվել է լիարժեք բուժել) հաղթահարել է ՄԻԱՎ-ը։ 

 

Գիտնականները հայտնաբերել են աշխարհում առաջին հիվանդին, որը ՄԻԱՎ-ից ձերբազատվել է առանց բուժում ստանալու