Արդեն մի քանի տարի անց կին տիեզերագնացներն «Արտեմիս» ծրագրի շրջանակում կկարողանան ոտք դնել Լուսնի մակերևույթին. ՆԱՍԱ
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Արտեմիս» լուսնային ծրագրի շրջանակում արդեն մի քանի տարի անց կին տիեզերագնացները կկարողանան ոտք դնել Լուսնի մակերևույթին: Այս մասին տիեզերական հետազոտություններում կանանց դերի թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ հայտնել է ԱՄՆ տիեզերական գործակալության տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը։
Լուսնի վրա տիեզերագնացների՝ կանանց և տղամարդկանց վայրէջքը նախատեսված է 2024 թվականին։ Նրա խոսքով՝ այդ ծրագրերի իրականացման համար պահանջվում է միայն ԱՄՆ քաղաքացիների ոգեշնչումն ու ցանկությունը։ Բրայդենսթայնը նաև համեմատություն է անցկացրել «Արտեմիս» լուսնային ծրագրի խորհրդանիշի և կանանց միջև, որոնք «ավելի քան հարյուր տարի պայքարել են իրենց ազատության և գենդերային հավասարության համար»։ Նա ընդգծել է, որ խորհրդանիշն ի պատիվ կանանց պատրաստված է մանուշակագույն և ոսկեգույն երանգներով։
«Լուսնի հետազոտության մեր ծրագիրը հիմնված է կին առաջամարտիկների ներդրման վրա։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ՆԱՍԱ-ի այն կին աշխատակցուհիներին, որոնք թռիչքներ են կատարել դեպի տիեզերք, ինչպես նաև ապագա կանանց, որոնք պատրաստվում են նույնն անել»,- ամփոփել է տիեզերական գործակալության տնօրենը:
Հայտնի է, որ ՆԱՍԱ-ն այս տարվա մարտից սկսել է լուսնային նոր՝ «Արտեմիս» առաքելության իրագործման նպատակով տիեզերագնացների ընտրության գործընթացը:
Ըստ գործակալության պահանջների՝ թեկնածուները պետք է լինեն ԱՄՆ քաղաքացի, ինժեներիայի, կենսաբանության, ֆիզիկայի, համակարգչային տեխնոլոգիաների, մաթեմատիկայի ոլորտներում ունենան բարձրագույն կրթություն, օդաչուական դպրոցի կամ էլ բժշկության բնագավառում ասպիրանտուրայի ավարտական դիպլոմ:
Եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, ապա տիեզերագնացները Լուսնի վրա վայրէջք կկատարեն արդեն 2024թ., ինչից հետո կտրվի մարդկանց Մարս մոլորակ ուղարկելու հավակնոտ ծրագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: ՆԱՍԱ-ն Մարսի հետ կապված ծրագիրը մտադիր է իրականացնել 2030-ական թվականների կեսերին:










