ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վերավարակման առաջին դեպքը, որն աշխարհում 4-րդ հաստատված դեպքն է համարվում

11:49 • 29.08.20

ԱՄՆ-ում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վերավարակման առաջին դեպքը, որն աշխարհում 4-րդ հաստատված դեպքն է համարվում, գրում է livescience.com-ը: 

Նևադայից գիտնականների խմբի տվյալների համաձայն՝ Ռինո քաղաքի 25-ամյա բնակիչն ապրիլի կեսերին կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական էր եղել: Այնուհետև ապաքինվել էր, սակայն մայիսին կրկին վարակվել էր, և երկրորդ անգամ հիվանդությունն ավելի ծանր էր ընթացել: Միևնույն ժամանակ տղամարդը վիրուսի նկատմամբ հակամարմիններ է ունեցել:

Հաղորդագրություններն այն մասին, որ կորոնավիրուսով կարելի է մեկ անգամից ավելի վարակվել, բազմիցս են հայտնվել, սակայն դեպքերի մեծ մասը սովորաբար կապված է եղել թեստերի սխալ պատասխանների հետ: 

Փաստացի ապացուցված դեպքերը շատ քիչ են՝ արդեն 4-ը. մինչ այդ՝ մեկը գրանցվել էր Հոնկոնգում, երկուսը՝ Եվրոպայում: Գիտնականները դեռ միանշանակ եզրակացության չեն եկել այն հարցում, թե ինչը կարող է կրկնակի վարակման պատճառ դառնալ՝ վիրուսը, կոնկրետ մարդու իմունային համակարգի առանձնահատկությունները, թե այդ գործոնների համադրությունը:

Նշենք, որ կորոնավիրուսի վարակակիրների և զոհերի թվով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ գրանցվել է վարակման ավելի քան 5,9 մլն դեպք, ավելի քան 181 000 մարդ մահացել է:

   

 

 

ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վերավարակման առաջին դեպքը, որն աշխարհում 4-րդ հաստատված դեպքն է համարվում