Իլոն Մասկը ցուցադրել է խոզի, որի գլխուղեղում մետաղադրամի չափի իմպլանտ է ներդրվել, որը թույլ կտա բուժել մի շարք հիվանդություններ. հաջորդ իմպլանտը կներդրվի մարդու գլխուղեղում (տեսանյութ)

12:57 • 29.08.20

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը նախօրեին ցուցադրել է գլխուղեղային իմպլանտով խոզի, որը, ինչպես կարծում են Մասկի հիմնած Neuralink ընկերությունում, թույլ կտա բուժել նյարդաբանական մի շարք հիվանդություններ: 

YouTube-ով հեռարձակման ժամանակ Մասկը ցուցադրել է խոզի, որի գլխուղեղում մետաղադրամի չափի (8 մմ տրամագծով) իմպլանտ է ներդրված եղել:

«Դա կարծես Fitbit լինի ձեր գանգում՝ փոքր լարերով»,- պարզաբանել է Մասկը:

«Սա առողջ և երջանիկ խոզուկ է՝ գլխում ներդրված իմպլանտով, որը ներդրվել է արդեն երկու ամիս և հիանալի է աշխատում»,- ասել է Մասկը:

Նա պարզաբանել է, որ մասնակիցների լսած կարճ ազդանշանների հաջորդականությունն արտացոլում է նյարդային ազդակները, որոնք ստացվում են խոզի քթի ծայրից և հասնում նրա գլխուղեղին: Ամեն անգամ, երբ խոզն ինչ-որ բան է հոտոտում կամ քթով դիպչում ինչ-որ բանի, ուղեղում ներդրված սարքն ազդակներ է գրանցում:

Մասկը հուսով է, որ հեռանկարում նման իմպլանտները կօգնեն բուժել կաթվածը, Ալցհեյմերի հիվանդությունն ու դեմենցիան՝ տկարամտությունը: Նա հուսով է, որ նման իմպլանտ մարդու գլխուղեղում ներդնելու թույլտվություն կստանա այս տարի:

 

Իլոն Մասկը ցուցադրել է խոզի, որի գլխուղեղում մետաղադրամի չափի իմպլանտ է ներդրվել, որը թույլ կտա բուժել մի շարք հիվանդություններ. հաջորդ իմպլանտը կներդրվի մարդու գլխուղեղում (տեսանյութ)