Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել. կա վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և ինքնաշեն պայթուցիկ սարք. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի մեծ թվով ծառայողներ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 02 բրիգադը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները (կարմիր բերետերը):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:










