Երկու տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել կրթական բարեփոխումների հիմք դնելու համար, իսկ մեղադրանքներին պատասխանելն անիմաստ է․ Արայիկ Հարությունյան

21:30 • 31.08.20

Ամեն ինչ անում ենք, որ հեռավար կրթության չանցնենք,  պատրաստվում ենք սեպտեմբերին դպրոցների բացմանը, որքանով համաճարակային կանոնները պահվեն, կչեզոքացնենք  հեռավարին անցնելու հնարավորությունը. այսօր «Ազատության ռադիոկայանին» տրված հարցազրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Օգտատիրոջ հարցին, թե արդյո՞ք տարրական դասարանի երեխաները պարտադիր դիմակով են գնալու դպրոց, նախարարը նշեց, որ ցուցումները և կարգավորումները տրված են մայիս և հունիս ամսից, որ  6 տարեկանից բարձր քաղաքացիները հանրային փակ վայրերում պարտադիր պետք է կրեն դիմակ, և դա վերաբերում է նաև դպրոցներին.

«Առաջիկայում քննարկում կլինի փոփոխությունը կապված է լինելու համաճարակային իրավիճակից, եթե ունենանք թվերի նվազում, ապա կարգավորումները կթուլանան: Մենք մշտական կապի մեջ ենք պարետատան և առողջապահության նախարարության հետ: Այն ուղեցույցն, որ հրապարակվել է կարող է ամեն շաբաթ փոփոխության ենթարկվել՝ կապված կորոնավիրուսի իրավիճակի փոփոխության հետ»:

Անդրադառնալով դժգոհություններին, որ տարրական դասարանի երեխաները չեն կարող անընդհատ դիմակ կրել, Արայիկ Հարությունյանը նշեց, որ կարգավորումները տրված են, որով հնարավոր է ապահովվել երեխաների և ուսուցիչների առողջությունը և պետք է կանոներին հետևել.

«Պետությունը լավագույն ջանքերն է գործադրում, որ խնդիրներ չլինեն և հետագայում ինչ փոփոխություններ կլինեն, կտեղեկացնենք: Մենք չենք ուզում, որ դասարանները կիսվեն ու վեցօրյա ուսումնական շաբաթ ունենանք, չենք ուզում դիմակ կրենք, բայց դա անհրաժեշտություն է»:

Արայիկ Հարությունյանը  նշեց, որ փոխվարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշվել է, որ տեսչական մարմինները դպրոցներին և ուսումնական հաստատություններին կաջակցեն, ծնողների հետ էլ պետք է աշխատել, որ երեխաները հաճախեն դպրոց և չհաճախելու դեպքում կլինեն բացասական հետևանքներ և առաջադիմության խնդիրներ կառաջանա:

Նախարարից հետաքրքրվեցին՝ եթե դպրոցների ֆինանսավորումը չի ավելացվելու, ինչպե՞ս են ախտահանիչ միջոցներ գնվելու, նա պատասխանեց, որ երբ դպրոցները  ունեն տնտեսումներ և ցուցումներ են ուղարկվել, որ պաշար ունենան, բայց պետությունը ջանքեր է գործադրելու, որ որոշ քանակությամդ դիմակներ տրամադրվեն:

«Այն չափով, որ ունեն խնայողություններ, դրանք կտրամադրեն այդ միջոցներին, եթե չեն հերիքի, անպայման աջակցութուն կցուցաբերենք, ունենք մեծ խնդիր և պետք է հանրային միջոցներն ուղղենք համավարակի դեմ պայքարի և առողջությունը ապահովվելու ու կրթության շարունականությունը ապահովվելու համար»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե  ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է թե ոչ, նախարարը ասաց, որ դասացուցակը այնպես է խտացված, որ ուսուցիչները լրացուցիչ դասաժամեր չեն ունենալու և, եթե լինի անհրաժեշտւթյուն, դպրոցների հետ կքննարկեն ֆինանսավորումը ավելացնելու հնարավորությունը:

114 դպրոցի տնօրենի աշխատանքից ազատման հարցը վերանայելու օգտատիրոջ խնդրանքին նախարարը  նշեց.

«Կարծում եմ, որ վարակի այսպիսի տարածման փուլում կրթական հաստատությունների ղեկավարները պետք է ունենան առավել զգոնություն և պատասխանատվություն և դրանից խուսափելու դեպքում իմ վճիռները հստակ են և ես անձամբ չեմ կարող նման մարդկանց հետ աշխատել և նման մարդիկ չպետք է աշխատեն այս համակարգում: Երբ վտանքի տակ է դրվում երեխաների առողջությանը»:

Դիտարկմանը, թե Ձեր  հրաժարականն են պահանջում, ասում են, որ ոլորտը տապալել եք, երեխային հեռացնում եք ազգային արժեքներից, և որպես նախարար Ձեզ չեք արդարացրել, նշեց, որ կրթության նախարարի ոլորտի բարեփոխումները և գործունեությունը պետք է ավելի երկար ժամանակահատվածում գնահատել, քանի որ բարեփոխումները երկար ժամանակ են պահանջում և նախարարությունը կարդարացնի բոլոր սպասումները և պետք է համբերությամբ զինվել:

«Երկու տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել կրթական բարեփոխումների հիմք դնելու համար, իսկ մեղադրանքներին՝ ապազգային գործելուն, չեմ պատասխանի, քանի որ դա անիմաստ է անել»:

Իսկ ինչ վերաբերում է ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի արտահամալսարանական երկու թեկնածուների ընտրությանը, նախարարը նշեց, որ ԵՊՀ-ի խորհրդի հետ կապված նիստ գումարվել է և որոշ գործընկերներ համալսարանից գործընթացներ են նախաձեռնում, որը իրենց իրավունքն է և ավելորդ լարվածություն չպետք է առաջացնել: Նրա հավաստմամբ՝ հոգաբարձուների խորհուրդը բնականոն հունով կաշխատի և ռեկտորի ընտրություն կլինի և չպետք է այս իրավիճակից վախենալ: