Իսրայելում դեսպանության բացումը ճիշտ քայլ է, բայց պետք է կարողանալ զարգացնել հարաբերությունները այն բոլոր ուղղություններով, որ կարող են օգտակար լինել ՀՀ-ին․ Արման Նավասարդյան

23:34 • 31.08.20

1990-ական թվականների սկզբին, երբ մենք հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի հետ,  ելնելով որոշ նկատառումներից՝ նկատի ունենալով արաբական աշխարհի հավանական ռեակցիան, մենք Երևանում և  Թելավիվում դեսպանատուն չբացեցին.Tert.am-ի զրույցում նշեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով օրերս Իսրայելում հայկական դեսպանատան բացմանը:

Դեսպանը նշում է, որ ունենալ դիվանագիտական հարաբերություններ և չունենալ դեսպանություն, նշանակում է արհեստական զարգացում դիվանագիտական հարաբերություններում: Եվ քանի որ քաղաքականության մեջ վակուում չի լինում, այդ դատարկությունը լցրեց Ադրբեջանը և մասնավորապես՝ Վրաստանը, որոնք շատ արագ սկսեցին զարգացնել բազմակողմ հարաբերություններ այդ երկրների հետ: Եվ հիմա Արդրբեջանը  զենքի ներկրման հարցում համար մեկ պետությունն է համարում  Իսրայելին  և վերջինս  ժամանակակից զենք է վաճառում Ադրբեջանին և նրանք  բնականաբար ունեն գործնական հարաբերություններ.

 «Դեսպանության բացումը, ես կարծում եմ, ճիշտ քայլ է, բայց պետք է կարողանալ եղած բացթողումը լրացնել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք օգտվելու և զարգացնելու այն բոլոր ուղղությունները և հարաբերությունները, որ կարող են օգտակար լինել Հայաստանին: Այն շատ լայն հարաբերությունների շրջանակ է, որովհետև Իսրայելից մենք շատ բան ունենք վերցնելու՝ և՛ բարձր տեխնոլոգիաներ, և՛ արտաքին քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ, և ընդհանրապես, նա տարածաշրջանի պետություններից մեկն է և հիմա  շատ ակտիվորեն զարգացնում է հարաբերություններն արաբական պետությունների հետ»:

Դիտարկմանը, թե կարո՞ղ է այս քայլը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շահարկման թեմա դառնալ, Արման Նավասարդյանը պատասխանեց, որ, իհարկե, կփորձեն շահարկել մեր դեմ, սակայն դա մեր հայկական անձնական դիվանագիտության և Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրն է, որը չի կապվում երրորդ երկրների հետ և երրորդ երկրի հաշվին չէ: Եվ, նրա խոսքով,  երբ իրանցիներն  ուզում են առարկել, անմիջապես մենք պատասխանում ենք, որ ինչպե՞ս բացատրենք ձեր հարաբերությունների  նման բարձր մակարդակը Ադրբեջանի հետ:

«Եթե մենք հարաբերություններ ենք զարգացնում Իսրայելի հետ, մենք  այդ հարաբերությունները չենք հակադրում Իրանին և նրանց հետ համագործակցությունը ինչպես եղել է այդպես էլ մնում է բարձր մակարդակի վրա, որովհետև բարեկամական երկրներ ենք: Այնպես որ, ես կարծում եմ, դա ճիշտ  քայլ է, որ արվել է և  ուղղվել է այն մեծ սխալը, որը բաց է թողնվել ժամանակին և պետք է կարողանալ այդ հարաբերություները ճիշտ զարգացնել: Դեսպանությունը պետք է շատ ակտիվ աշխատի այդ հարցերում և  բազմակողմ դիվանագիտություն մենք կարողանանք զարգացնել Իսրայելի հետ՝ մեր խնդիրների լուծման դիվիդենտներ ստանալու ճանապարհին»,-ասաց նա:

Արման Նավասարդյանի կարծիքով՝ հիմա շատ հետաքրքիր հարբերություններ են զարգանում միջերկրական ծովի հարավարևելյան ավազանում: Թուրքիան փորձում է շահագործել այն նավթի և գազի պաշարները, որ կա միջերկրական ծովում և որը պատկանում է Հունաստանին, Կիպրոսին և մի մասն էլ՝ Եգիպտոսին: Եվ այս ամենի հետևանքով, ըստ նրա, ձևավորվում է հակաթուրքական բլոկ, քանի որ Թուրքիան փորձում է զենքի ուժով լուծել իր խնդիրները և զավթել՝  խախտելով Լոզանի 1923 թվականի պայմանագիրը.

 «Հիմա Ֆրանսիան է կտրականորեն դեմ այդ վարվող քաղաքականութանը: Այդ բլոկին որոշ չափով  միանում է  նաև Իսրայելը, եթե մենք մեր հարաբերությունները զարգացնենք Իսրայելի հետ, նաև այդ բլոկային քաղաքանությանը կարող ենք մասնակցել այդ պետություների հետ, որոնց հետ ունենք լավ  հարաբերություններ և որոնց հետ փաստորեն Իսրայելն է հակաթուրքական դիրքորոշում գրավվել: Այնպես որ, լայն աշխարհաքաղաքական հնարավորություններ է բացում Իսրայելի հետ մեր հարաբերությունների զարգացման և բացի այդ պատմականորեն մենք նրանց հետ  ունենք շատ մեծ պատմական անցյալ, ունենք հայկական եկեղեցիներ և համայնք»:

Արման Նավասարդյանի կարծիքով`հնարավոր է, որ Հայաստանի դեսպանատան բացումը Իսրայելում Թուրքիան և Ադրբեջանը օգտագործեն Հայաստանի դեմ, և այն հակահայկական քաղաքանության արտահայտություներից մեկը կարող է լինել: Ինչպես, օրինակ վերջերս թրքական և ադրբեջանական ներկայացուցիչներն Իսրայելում  փորձեցին Հայաստանի դեմ  սադրանք կազմակերպել՝ մեր եկեղեցիների,  հողերի և տարածքների վրա, որը արձանագրվեց և  Իսրայելի ոստիկանությունը դա արգելափակեց.

«Այն հակահայկական քաղաքականությունը, որ ամեն ուղղությամբ վարվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, կարող է զարգանալ և Իսրայելի հետ մեր հարաբերությունների կանոնակարգումը նրանց դուր չի գա և նրանք կփորձեն դա օգտագործել Հայաստանի դեմ: Նրանք Միացյալ նահանգներում հակահայկական ցույցեր են կազմակերպում, Ռուսաստանում ևս նման երևույթներ են տեղի ունենում, և դրա համար մենք պետք է զարգացնենք, այն ուղղվածութունը,  որը անհրաժեշտ է մեր արտաքին քաղաքականության  խնդիրների իրագործման  համար»:

Դիտարկմանը, թե մինչ դեսպանատան բացումը Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակը և որոշ պատգամավորներ, ասել էին, որ Հայաստանը պետք է այդ  որոշումը վերանայի, Արման Նավասարդյանը պատասխանեց,

«Որոշ ժամանակ առաջ ԱԳ նախարարությունը հանդիպել էր ԼՂ-ի ադրբեջանական համայնքի հետ, դրանք ոչինչ չասող երևույթներ են, իսկ բարձր մակարդակով Իրանը նորմալ է ընկալում մեր հարաբերությունների զարգացումը Իսրայելի հետ: Մենք ևս պետք է կարողանանք ճիշտ ներկայացնենք և բացատրենք: Եվ ի վերջո, Ադրբեջանը իր վարած քաղականությամբ  Իսրայելի հետ ռազմական  վտանգ է ստեղծում Իրանի համար՝ Իսրայելի տեխնիկան օգտագործելով և հետախուզական աշխատանքներ իրականացնելով՝ ընդդեմ Իրանի, և  ի օգուտ Իրայելի»: