«Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու գործը» գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո. Արթուր Ղազինյանը՝ այսօրվա դատական նիստին քննիչի դատարան չներկայանալու վերաբերյալ

18:26 • 31.08.20

Դատարանի կողմից բողոքի քննությունը գրեթե մեկ ամսով հետաքձգվեց, որի պատճառը հատուկ քննչական ծառայության կողմից գործի նյութերը ուշ ուղարկելն էր. դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նշենք, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի նստավայրում այսօր պետք է ընթանար նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդումը՝ ՀՔԾ-ի կողմից մերժումը վերացնելու նպատակով դատարան ներկայացված բողոքի առաջին դատական նիստը, որը սակայն հետաձգվեց, քանի որ դատավորը գործի նյութերին չէր ծանոթացել:

«Քննիչը չէր ներկայացել և ես սա համարում եմ անհարգալից վեաբերմունք դատավարությանը և գնահատում դատավարական տեխնիկական հնարք՝ չտալու հնարավորություն, որ բողոքը քննվի, հասկանալով, որ իմ կողմից ներկայացված  հաղորդումը հանցագործության մասին է, եղել է բացարձակ հիմնավոր»,- նշեց նա:

Նրա հավաստմամբ՝ ներկայացված են անհերքելի փաստական տվյալներ, որոնց 20 տոկոսի պարագայում ցանկացած իրավական պետության մեջ դատախազական և քննչական մարմինները կհարուցեին քրեական գործ.

«Գործը գտնվում է քաղաքական  վերահսկողության ներքո,  գտնվում է քաղաքական հրահանգավորման տակ և քաղաքական բարձրադիր իշխանության անմիջական հսկողության ներքո»:

Նրա համոզմամբ՝ նախապես պլանավորած կազմակերպված ձևով խեղաթյուրվել, աղավաղվել է և թաքցվել է կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացվող տեղեկատվություն, ինչի հետևանքով մենք այսօր ունենք 1150 մահացած և 40000-ից ավել վարակված, ներկայացված են մոտ երեսուն փաստական տվյալներ:

Հարցին, եթե քաղաքական հրահանգ է առկա, ի՞նչ երաշխք կա,  որ դատարանին քաղաքական հրահանգ չի տրվելու, Արթուր Ղազինյանը նշեց, որ նման կանխավարկած չունի, քանի որ դատարանները հեռու են մնացել քաղաքական թելադրանքից և կարողացել են գործել իշխանության քաղաքական կամքին հակառակ, սակայն, ըստ նրա՝ եղել են նաև այնպիսի դատական ակտեր, որոնք բխում էին իշխանության շահերից և ունեին խիստ վիճելի  իրավական հիմքեր:

Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ բոլոր պետություններում էլ կորոնավիրուսի դեմ պայքարի վիճակը նույն է, Արթուր Ղազինյանը պատասխանեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տապալված և ձախողված լինելը, պետք է դատել վարակակիրների քանակով, մահացածների թվով և տնտեսության ծանր վիճակով.

«Մենք ունենք շահեկան վիճակ երկու փակ սահմանով՝ տուրիստական նվազ հոսքերով,  տեխնիկապես պետք է ճիշտ ժամանակին ձեռնարկվեր անհրաժեշտ միջոցառումները՝ համաճարակի դեմ պայքարը ճիշտ վարելու համար և հանրությանը ներկայացնել ճշտված, լաբորատոր փորձաքննություն անցած ամբողջ տեղեկատվությունը: Բայց հիշում եք, ինչպես էին իրենք չարամտորեն նվազեցնում վիրուսի վտանգավորությունը և համեմատում սովորական գրիպի հետ, մինչդեռ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում էր, որ սա սովորական գրիպ չէ»:

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու այդ դեպքում, ինքը դիմակ չի կրում, Արթուր Ղազինյանը պատասխանեց, որ ինքը  հայտարարել է, որ բաց տարածքներում  դիմակ չի կրելու, թեև գիտի, որ կարող է տուգանվել, սակայն տուգանվելու դեպքում էլ չի վճարելու, քանի որ պարետատունը, չլինելով սահմանադրական մարմին, լիազորություն չունի ընդունելու նորմատիվ իրավական ակտեր.

 «Ես դիմել եմ վարչական դատարան պարետի կողմից ընդունված բաց տարածքում դիմակ կրելու իրավազորությունը վիճարկելու պահանջով: Առկա են բոլոր իրավական, փաստական նորմերը պարետի կողմից ընդունված իրավական ակտերը առոչինչ ճանաչելու համար և դրանից հետո բոլոր քաղաքացիներն,  որոնք տուգանվել են, ունեն լեգալ հնարավորություն և իրավունք, վիճարկելու իրենց վերաբերյալ արձանագրված տուգանքներն, իսկ եթե արդեն  վճարված են ունեն լեգալ իրավունք՝ այն հետ պահանջելու համար»: