Դատարանը հետաձգեց կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով Արթուր Ղազինյանի ներկայացված հաղորդման քննությունը

19:26 • 31.08.20

Այսօր, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեկ ամսով հետաձգեց նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի ներկայացված հաղորդման քննությունը:

Հիշեցնենք, ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը  ՀՀ իշխանության դեմ, կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու հիմքով, ինչը Արթուր Ղազինյանը վիճարկել է դատարանում: Ըստ Արթուր Ղազինյանի բողոքի՝ նյութերի նախապատրաստմամբ քննիչի կողմից չեն պարզվել քրեական գործ հարուցելու համար հիմք հանդիսացող հանգամանքների առկայությունը կամ դրանց բացակայությունը: Վարույթն իրականացնող մարմինը բավարարվել է ընդամենը մեկ անձից բացատրություն վերցնելով, որեւէ կերպով հաշվի չի առել հաղորդմանս եւ բացատրությանս մեջ ներկայացված բազմաթիվ փաստերն ու փաստարկները, եւ նյութերին մի քանի փաստաթուղթ կցելով՝ հանգել է անհիմն հետեւության, թե իբրեւ «ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ» հանցագործության կատարման վերաբերյալ։

Քննիչի այդ եզրահանգումն ու որոշմամբ արտահայտած հետեւությունները, Արթուր Ղազինյանը համարում է հիմնազուրկ, չփաստարկված, իսկ առանձին դեպքերում էլ, կարծում է, որ հակասում են իր իսկ որոշման մեջ նշված փաստական հանգամանքներին։

Հիշեցնենք նաեւ, որ հունիսի 12-ին, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը` կուսակցության անունից, հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ Հատուկ քննչական ծառայություն` նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու հիմքով:

Դիմումում վիճարկվում են ՀՀ իշխանությունների, մասնավորաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները եւ գործողությունները, որոնք, համաձայն դիմումատուի, հակասում են ԱՀԿ-ի հայտարարություններին եւ որոշումներին: Նիստին ՀՔԾ-ի քննիչը չէր ներկայացել, նաեւ, դատավորն ասաց, որ դատական նիստի մեկնարկից րոպեներ առաջ է ՀՔԾ-ն գործի նյութերն ուղարկել դատարան, ուստի, դատարանը հնարավորություն չի ունեցել դրանց ծանոթանալու:

Նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-ին: