Ադրբեջանցի հայտնի «օրենքով գող» Լոտու Գուլիի ժառանգորդին զրկել են «գողական տիտղոսից»

20:53 • 31.08.20

Ադրբեջանցի «օրենքով գող» Նամիկ Սալիֆովը (Բակինսկի), որը գլխավորում էր մահացած եղբոր՝ Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի (Լոտու Գուլի) հանցավոր կայսրությունը, զրկվել է «գողական տիտղոսից»: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Daily Storm Telegram-ալիքին:

Պարբերականի տվյալներով՝ Նամիկ Սալիֆովին «գողական տիտղոսից» զրկելու մասին որոշումը կայացրել են 20 հայտնի քրեական հեղինակությունները՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ, «օրենքով գող» Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) գլխավորությամբ: Համապատասխան որոշման մասին հայտնել են ողջ քրեական աշխարհին:

Այն մասին, որ 44-ամյա Նամիկը դարձել էր 47-ամյա եղբոր ժառանգորդը, հայտնի է դարձել օգոստոսի 26-ին:

Նադիր Սալիֆովը, որը սպանվել է օգոստոսի 20-ին Թուրքիայում, վերահսկողության տակ էր պահում Ռուսաստանի բանջարեղենի շուկաների մեծ մասը և դոլարային միլիարդատեր էր դարձել: