Գերմանիայում բացատրել են՝ ինչու էին ցուցարարները Բեռլինում տեղի ունեցող ցույցի ժամանակ «Պուտին» վանկարկում

21:20 • 31.08.20

Բեռլինում շաբաթ տեղի ունեցած կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցի մասնակիցները «Պուտին» էին վանկարկում՝ ՌԴ առաջնորդի հանդեպ հարգանքից ելնելով:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ներկայացուցիչների քաղաքային պալատի պատգամավոր Գուննար Լինդեմանը («Այլընտրանք Գերմանիայի համար»): Վերջինիս խոսքով՝ Պուտինը  հեղինակություն է վայելում գերմանացիների շրջանում, և ցուցարարները որոշել են գալ ռուսական դեսպանատան մոտ, որպեսզի «ուշադրություն հրավիրեն Գերմանիայում տիրող պայմանների» նկատմամբ՝ հուսալով, որ Ռուսաստանը կկարողանա ազդել կանցլեր Անգելա Մերկելի վրա:

«Իմ կարծիքով՝ Ռուսաստանի դեսպանության համար վտանգ ոչ մի անգամ չի առաջացել»,- ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ շաբաթօրյա ցույցին մոտ 20 000 մարդ էր փողոց դուրս եկել գերմանական մայրաքաղաքում՝ իրենց դժգոհությունը հայտնելու կորոնավիրուսի հարցում կառավարության վարած քաղաքականության դեմ: