«Մենք լավ ներուժ ունենք բանակցելու և պայմանավորվելու». Մնացականյանը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա գազի գնի հարցի ազդեցության մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը լավ ներուժ ունի գազի գնի հարցում Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու և պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
«Էներգետիկ հարցերը, գազի մատակարարումներին առնչվող հարցերը մեր դաշնակից պետությունների միջև երկկողմ հարաբերությունների կարևորագույն մասն են կազմում և բավականին լայն օրակարգ ունեն: Մենք ընդհանուր օրակարգ ունենք՝ և՛ անվտանգության, և՛ տնտեսական զարգացման հարցերով, միասին աշխատում ենք այդ ուղղությամբ: Մենք լավ ներուժ ունենք բանակցելու և պայմանավորվելու: Ամենակարևորը՝ պայմանավորվելու»,- ասել է Մնացականյանը Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե արդյոք փոխըմբռնում ձեռք բերվել է գազի գնագոյացման մասին բանակցություններում, վերջինս նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Ես բացարձակապես վստահ եմ, որ կարող ենք պայմանավորվածություն ձեռք բերել: Դա տեղի է ունենում միջկառավարական հանձնաժողովների մակարդակով, և ես կարծում եմ, որ շատ մեծ հավանականություն կա, որ կարող ենք պայմանավորվել»,- հավելել է Մնացականյանը:
Անդրադառնալով Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար վարկի երկարացման հարցին՝ նախարարը նշել է, որ «ԱԷԿ-ի վերազինումը նախատեսվում է իրականացնել մեր բյուջետային միջոցների հաշվին, սակայն քննարկումները շարունակվում են»:










