Պետք է պայքարել, որ Թուրքիայի նախագահի «ֆաշիստական» ռեժիմին վերջ դրվի. «Քուրդիստան կոմիտեի» նախագահը` Իրաքի տարածքում քրդական բնակավայրերի նկատմամբ թուրքական գործողությունների մասին (տեսանյութ)

12:11 • 31.08.20

Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա արեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Նրանք ցանկանում են ՄԱԿ-ի ուշադրությունը սևեռել Իրաքի տարածքում քրդական բնակավայրերի նկատմամբ թուրքական գործունեությանը։

Ակցիայի մասնակիցներից «Քուրդիստան կոմիտեի» նախագահ Սլո Դրբոյանն ասաց,  որ Իրաքում տեղի ունեցողն անհանգստացնում է Հայաստանում գտնվող քրդական ժողովրդին, և ցանկանում են ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել տեղի ունեցող իրադարձությունների վրա:

«Մենք ուզում ենք դիմել ՄԱԿ-ի ղեկավարությանը, որ միջամտի և միջոցներ ձեռնարկի` կանխելու թուրքերի այս ցեղասպան քաղաքականությունը, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»,- ասաց նա և հավելեց, որ քրդական ժողովրդի առաջին ցանկությունը ժողովրդավարությունն է:

Նրա դիտարկմամբ`թուրքերին հաջողվում է լռեցնել մյուս ժողովուրդների ղեկավարներին, և նրանք կարողանում են իրացնել իրենց ծրագրերը: Ըստ Սլո Դրբոյանի՝ պետք է պայքարել, որ Թուրքիայի նախագահի «ֆաշիստական» ռեժիմին վերջ դրվի:  

Սլո Դրբոյանը նշեց, որ իրենց նամակը ցանկանում են հանձնել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որ ղեկավարությունը կարողանա տիրապետել տեղի ունեցող իրադարձությունների մանրամասներին: 

Նրանք նամակը փոխանցեցին ՄԱԿ-ի աշխատակցին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող «Մագիլ-Վագր» օպերացիան շարունակվում է։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով Իրաքի հյուսիսում ևս 5 քուրդ զինյալ սպանելու մասին։ Նշվում է, որ ոչնչացվել են նաև սարերում քրդերի դիրքեր, ապաստարաններ, կենցաղային պարագաներ։