ԱՀԿ-ն խորհուրդ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում օրինակ վերցնել Շվեդիայից, որը վստահել է հասարակությանը

09:27 • 01.09.20

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շվեդական ռազմավարությունը, որը կառուցվել է իշխանության և հասարակության միջև վստահության հիման վրա, կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար, քանի որ ցույց է տվել իր արդյունավետությունը։ Այս մասին Magic ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է COVID-19-ի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն։

Նրա խոսքով՝ Շվեդիայում կառավարությունը վստահում է հասարակությանը, որը պատասխանում է փոխադարձությամբ։ Ըստ նրա՝ քաղաքացիների գիտակցության վրա շեշտը դնելն ու խիստ կարանտինային միջոցառումների բացակայությունը կարող է օրինակ ծառայել շատ տնտեսությունների համար։

Նաբարոն հավելել է, որ խիստ կարանտինային միջոցառումները լուրջ ազդեցություն են ունենում մարդկանց եկամուտների և փոքր բիզնեսի վրա։

Շվեդական կառավարությունը նախընտրել է անտեսել առողջապահության ոլորտի բազմաթիվ փորձագետների խորհուրդները համավարակի ժամանակ երկիրը փակելու վերաբերյալ և գրեթե բոլոր ոլորտներում ամեն ինչ թողել է այնպես, ինչպես սովորական ժամանակներում է:

Վերջին տվյալներով՝ Շվեդիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 84 379 դեպք, որոնցից 5 808-ը՝ մահվան ելքով։