Facebook-ն Ավստրալիայում վիճահարույց օրինագծի ֆոնին սպառնում է արգելափակել սոցցանցում տեղական և միջազգային լուրերի հրապարակումը
Facebook-ն ավստրալացիներին կարգելի տեղական և միջազգային նորություններով կիսվել Facebook-ում և Instagram-ում, եթե երկրում ԶԼՄ-ների նորությունների վերաբերյալ նոր օրինագիծն ընդունվի, գրում է The Guardian-ը։
«Հաշվի առնելով այն փաստը, որ այս օրինագիծը կարող է օրենք դառնալ, մենք մեծ ցավով, բայց կդադարեցնենք թույլ տալ Ավստրալիայի հրատարակիչներին և մարդկանց տեղական և միջազգային նորություններով կիսվել Facebook-ում և Instagram-ում։ Սա մեր առաջին ընտրությունը չէ, այլ վերջինն է»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Ավստրալիայի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռոդ Սիմսը հայտարարել է, որ Facebook-ի սպառնալիքն արդարացված չէ։
«Օրենքի նախագիծն ուղղված է նրան, որ ավստրալական լրատվական ընկերությունները, ներառյալ՝ անկախ, հասարակական և տարածաշրջանային լրատվամիջոցները, կարողանան տեղ ստանալ Facebook-ի և Google-ի հետ ազնիվ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Սիմսը:
«Facebook-ն արդեն իսկ վճարում է մի քանի մեդիաների իրենց բովանդակությունը տեղադրելու համար։ Օրինագիծը պարզապես կոչված է ավստրալական լրատվական ընկերությունների հետ Facebook-ի և Google-ի հարաբերություններում ապահովել արդարություն ու թափանցիկություն»,- հավելել է նա։
Վերջերս երկրի կառավարությունը հրապարակել է թվային հարթակների և ավստրալական լրատվամիջոցների վերաբերյալ օրենքի նախագիծը, որը Facebook-ին և Google-ին կստիպի վճարել ավստրալական նորությունների տեղադրման արտոնության համար:
Օրինագիծը մշակել է Ավստրալիայի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որը հայտարարել է, որ բանակցային գործընթացը մշակվել է լրագրողների աշխատանքի արդար վարձատրությունն ապահովելու համար։










