ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը ժամանել է Հայաստան

21:13 • 01.09.20

ՀՀ է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը ներկա գտնվելու «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հետ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 31-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: 

Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Բելառուսի, երրորդը՝ Հայաստանի Հանրապետության թիմի զինծառայողներն էին:

Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում անհատական հաշվարկով լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները: Մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին: