Քիմ Քարդաշյանը Black Lives Matter-ի շարունակվող ցույցերի ֆոնին կոչ է արել քվեարկել «ԱՄՆ ոստիկանական համակարգում ողջամիտ բարեփոխման» օրինագծի օգտին
Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը սևամորթների դեմ իրականացվող բռնությունների և ռասիզմի դեմ Black Lives Matter միջազգային շարժման շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին կոչ է արել քվեարկել «ոստիկանական համակարգում ողջամիտ բարեփոխման» օրինագծի օգտին, գրում է Daily Mail-ը։
Իրապատում շոուի աստղը Twitter-ում հետևորդներին կոչ է արել քվեարկել Կալիֆոռնիայի Սենատի 731 օրինագծի օգտին:
«Այժմ Կալիֆոռնիայում գործող օրենքի համաձայն, եթե ոստիկանը, գտնվելով աշխատանքի վայրում, խախտում է օրենքը, դա նորմալ է։ Նրան օրենքը խախտելու համար չեն կարող դատի տալ»,- գրել է նա։
«Խնդրում ենք քվեարկել ԱՅՈ #SB731 ոստիկանական համակարգում ողջամիտ և չափավոր բարեփոխման համար: Դա պատասխանատվության կենթարկի ոստիկաններին՝ օրենքը խախտելու դեպքում»,- մյուս գրառման մեջ հավելել է Քարդաշյանը։
Նշվում է, որ ոստիկանական համակարգում բարեփոխման վերաբերյալ օրինագիծը քվեարկության է դրվել Վիսկոնսին նահանգի Կենոշայի ոստիկանության գործողություններից հետո, որի ժամանակ ոստիկանության աշխատակիցը չորս անգամ կրակել էր անզեն սևամորթ Ջեյքոբ Բլեյքին՝ գոտկատեղից ցած նրան կաթվածահար անելով․ դրանից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային ցույցեր էին սկսվել ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:
Կատարվածից զայրացած ամերիկացիներն ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էին իրականացնում երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն ոստիկանին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:













