Լեհաստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատանն առաջարկել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ թեստ անցնել
Լեհաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանի դեսպանատանն առաջարկել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը վերաբերող իր պատրաստած թեստն անցնել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերաբերյալ լեհական կողմի պատկերացումները մի շարք կարևորագույն հարցերով խիստ տարբերվում են ռուսականից: Մասնավորապես՝ պաշտոնական Վարշավան կարծում է, որ պատերազմի սկսվելու մեղքը հավասարաչափ ընկնում է ֆաշիստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ի վրա:
«ԱԳՆ-ն երեքշաբթի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին գիտելիքների թեմայով վիկտորինա է թողարկել: Թեստում, որը կարելի է անցնել լեհերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ներառված են հարցեր նաև Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագրի, ռոտմիստր Պիլեցկիի և Յալթայի գագաթնաժողովի մասին»,-ասված է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Լեհաստանի ԱԳՆ-ն առաջարկել է վիկտորինան անցնել «չելենջի տեսքով» և էստաֆետը փոխանցել է Էստոնիայի, Լատվիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանատներին: Վիկտորինան բաղկացած է 18 հարցից:










