Թուրքիայի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել իր կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչների՝ Ռուսաստան հրավիրվելու կապակցությամբ
Թուրքիան Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել քայլերից, որոնք կարող են ծառայել սիրիական այն կառույցների շահերին, որոնք կապված են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությանը:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարությունը տարածել է Ռուսաստան «Սիրիայի ժողովրդավարական ուժերի», որոնց գլխավոր միջուկը կազմում են հենց ՔԱԿ անդամները, պատվիրակության այցի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու առնչությամբ:
«Ռուսաստանի Դաշնությունը պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք հակասում են Աստանայի ձևաչափի ոգուն և պարտավորություններին»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Արտգործնախարարությունում ընդգծել են նաև, թե ՔԱԿ-ի սիրիական թևը սպառնում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը:
ԱԳՆ-ից տեղեկացրել են նաև, որ թուրքական կողմի դիրքորոշումն այս հարցում կփոխանցվի ռուսական կողմին փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակության` Մոսկվա կատարելիք այցի ընթացքում:










