Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչները պնդում են՝ իրենց հարևանությամբ կառուցվող շենքի շինթույլտվությունը տրվել է առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, քաղաքապետարանից նշում են՝ բնակիչներն իրազեկվել են

17:09 • 01.09.20

Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչները ահազանգում են՝ հարևանությամբ կառուցվող բարձրահարկը փակում է իրենց շենք ընկնող արևի լույսն ու տեսադաշտը․ այս մասին Tert․am–ի հետ զրույցում պատմեց վերոնշյալ հասցեի բնակիչ Արմենուհի Զաքարյանը։

Բնակչի խոսքով՝ իրենց հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի շինթույլտվությունը տրամադրվել է քաղաքապետարանի կողմից՝ առանց բնակիչների հետ հանրային լսումներ անցկացնելու։  

Քաղաքապետարանից, սակայն, պարզաբանում են, որ տեղի բնակչությանը իրազեկել են, հանրային քննարկումներ էլ են եղել, թեպետ ոչ բոլոր շինությունների նախագծման կամ շինթույլտվության համար է հանրային լսում կազմակերպվում։

Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչ Պարույր Սինյավսկին էլ պնդում է, որ թաղապետարանի աշխատակիցը հանդիպեց իրենց հետ միայն այն ժամանակ, երբ բողոքի ակցիա արեցին ու փակեցին նշված հասցե տանող ճանապարհները, որի ժամանակ հարց է բարձրացվել կառուցապատման ռիսկայնության վերաբերյալ։ Ըստ Պարույր Սինյավսկիի՝ տեղազննում չի իրականացվել համապատասխան մարմիների կողմից։

Իսկ  քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շենքի նախագիծը համապատասխանում է սահմանված բոլոր նորմերին․ կառուցման համար թույլտվությունն էլ տրվել է «ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված եզրակացությունների հիման վրա։