Նախատեսում ենք աշխարհազորի մեջ ընդգրկել մինչև 70 տարեկան անձանց, նրանք զորակոչվելուց հետո զինծառայողի կարգավիճակ են ստանալու. Գաբրիել Բալայան

13:45 • 01.09.20

Կրթական բնագավառում հաջողությունների ենք հասել, թիվը հրապարակման ենթակա չէ, սակայն վերջին տարիների համար աննախադեպ քանակությամբ կուրսանտներ ենք կարողացել ներգրավել, ռազմական կրթությունը վերականգնում է իր գրավչությունը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նա նշեց, որ Մոնթե Մելքոնյան վարժարանում դիմորդների թիվն աննախադեպ շատ է եղել: «Առաջին անգամ պատմության մեջ Մոնթե Մելքոնյան վարժարանը կարողացել է ընդունել աղջիկ սովորողների. մեկ դասակ կարողացել ենք հավաքել, բավականին բարդ մրցույթ է եղել»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով աշխարհազորային ստեղծելու հետ կապված քննադատություններին, թե զինված մարդիկ կհայտնվեն փողոցներում` Բալայանն ասաց, որ որևիցե տեղ գրված չէ, որ ազատ շրջանառության զենք է տրվելու քաղաքացիներին: «Եթե այս օրենսդրական փաթեթն ընդունվի, աշխարհազորի մեկնարկումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի դեպքում: Այդ զենքն ու սպառազինությունը կոնկրետ բնակավայրում, համայնքում բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիական անձանց միայն այն պարագայում, եթե մարտական գործողություններ են սկսելու: Ինչի՞ց է ենթադրությունը, որ պետք է քաղաքներում և համայնքներում շրջեն զինված մարդիկ, նման բան գոյություն չունի»,-ասաց նա:

Նա նշեց, որ իրենք ենթադրում են, որ սպառազինության քանակը համապատասխան կցագրման վայրերում ավելացնելու են, որ անհրաժեշտության պարագայում կարողանան այդ զենքը բաժանել, և նրանք, այդ զենքի օգտագործման համար իրենց գիտելիքները թարմացնելու համար կանցկացնեն որոշակի մարզանքներ: «Այս նախաձեռնությունը միտված է նախապատրաստելու ազգաբնակչությանը հնարավոր մարտական գործողություններին օգտագործելու, նրանց հմտություններն ու գիտելիքները կիրառելու համար»,- նշեց Բալայանը:

Նրա խոսքով՝ և՛ ապրիլյան, և հուլիսյան դեպքերի ժամանակ, որոշակի առումով, անկանոն խմբավորումներ կային, որոնք ավելի շատ խանգարում էին ԶՈւ-երի գործողությունները, քան օգուտ էին տալիս: «Հավաքվել և 50 հոգով փորձել գնալ առաջնագիծ, դա նախևառաջ պատասխանատվություն է. առանց համապատասխան սպառազինման ու պարենի ապահովան գնացողները ավելի շատ վնաս են տալիս: Այս նախաձեռնությունը միտված է կանոնակարգելու այս նախաձեռնությունները: Մենք նախատեսում ենք այս պահի դրությամբ մինչև 70 տարեկան անձանց ընդգրկել աշխարհազորում, նրանք զորակոչվելուց հետո զինծառայողի կարգավիճակ են ստանալու»,- ընդգծեց նա:

արցին՝ ԵԿՄ-ի դերն այս նախագծից հետո ինչպիսին է լինելու, և այն չի՞ խանգարի ԵԿՄ-ին, Բալայանն ասաց, որ իրենք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել գործընկերների հետ, մասնավորապես ԵԿՄ-ի նախագահի: «Դրանք լրիվ տարբեր բաներ են, այն ՀԿ է, իրավաբանական անձ, տարբեր սոցիալական ծրագրեր կարող են անել: ՊՆ-ն իր ուժերի ներածին չափով աջակցում է նման ՀԿ-ներին: Իմ կարծիքով՝ մեկը մյուսին փոխլրացնող կարող են լինել, ոչ թե խանգարող, եթե դժգոհություններ կան, կփարատվեն»,- նշեց փոխնախարարը: