Մակրոնի այցին զուգահեռ Բեյրութում ցույցեր են տեղի ունենում (տեսանյութ)

20:54 • 01.09.20

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցույցեր են մեկնարկել՝ պայմանավորված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցով: Ցույցն ուղիղ միացմամբ ներկայացնում է Ruptly-ն:

Ֆրանսիացի առաջնորդը երկրորդ անգամ է այցելում Բեյրութ օգոստոսի 4-ին նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո: 24-ժամյա այցի շրջանակներում Մակրոնը նախատեսում է բանակցություններ վարել արաբական երկրում բարեփոխումներ իրականացնելու համար, որպեսզի հնարավոր լինի երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից:

Ինչպես փոխանցում է France 24-ը,  Մակրոնը մտադիր է հանդիպումներ ունենալ երկրի ղեկավարության հետ՝ օգնելու երկրին պայքարելու կոռուպցիայի դեմ, նախքան որևէ ֆինանսական աջակցություն տրամադրելը:

Հիշեցնենք, որ Մակրոնը Բեյրութ էր մեկնել օգոստոսի 5-ին՝ իր հետ առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ տանելով աղետի գոտու վերածված քաղաքի բնակիչների համար: Վերջինս խոստացել էր վերադառնալ և օգնել վերջ դնելու երկրում տիրող կոռուպցիային: