Լոս Անջելեսում իրավապահները ևս մի սևամորթի են սպանել․ դեպքից հետո բողոքի ցույցեր են սկսվել (տեսանյութ)

13:31 • 01.09.20

ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանի իրավապահ մարմինների աշխատակիցները սպանել են սևամորթ տղամարդու՝ հրազենային մի քանի վիրավորում հասցնելով նրան․ դեպքից հետո մեծամասշտաբ բողոքի ցույցեր են սկսվել, գրում է cbslocal.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ շերիֆի գրասենյակի աշխատակիցները փորձել են կանոնների խախտման համար կանգնեցնել հեծանիվ վարող սևամորթ տղամարդուն, սակայն վերջինս փորձել է փախուստի դիմել։ Իրավապահներին հաջողվել է հասնել նրա հետևից, սակայն դրանից հետո տեղական ժամանակով ժամը 15։30-ին նրանց միջև քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում տղամարդը ոստիկաններից մեկին հարվածել է։ Այդ ժամանակ էլ շերիֆի օգնականները նկատել են, որ իրավախախտը զենք է կրում, և վերջիններիս տեղեկությունների համաձայն՝ դա էլ ստիպել է նրանց կրակել։ 

Նշվում է, որ տղամարդու վրա կրակել են մի քանի անգամ, որի հետևանքով նա մահացել է։ Իրավապահ մարմինների աշխատակիցներից որևէ մեկը գործողությունների հետևանքով չի տուժել։

Դեպքի վայրում այժմ բողոքարարների մեծ ամբոխ է հավաքվել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային ցույցեր էին սկսվել ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:

Կատարվածից զայրացած ամերիկացիներն ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էին իրականացնում երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն ոստիկանին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար: