Բրազիլուհին ռեկորդ է սահմանել կորոնավիրուսով վարակված լինելու տևողությամբ
Բրազիլիայում հիվանդի են հայտնաբերել, որը կորոնավարակակիր է եղել շուրջ 5 ամիս: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով բրազիլական աղբյուրին:
Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարանի վիրուսաբանության լաբորատորիայի տվյալներով՝ խոսքը կնոջ մասին է, որը վարակված է եղել 152 օր: Վերջինս որևէ ախտանշան չի ունեցել, սակայն միևնույն ժամանակ վարակիչ է եղել մյուսների համար:
Ինչպես բրազիլական աղբյուրը փոխանցում է, դա մարդու օրգանիզմում վիրուսի առկայության առավելագույն երկարատև արձանագրված դեպքն է աշխարհում:
Կինը, որի անունը չի նշվում, աշխատում է առողջապահության համակարգում: Մարտին նրա մոտ «Քովիդ-19»-ի թեթև ախտանշաններ են ի հայտ եկել, որից հետո նա կարանտինի մեջ է գտնվել և միայն հինգ ամիս անց վերադարձել է աշխատանքի:
Բրազիլիայում, որը երկրորդն է աշխարհում ինչպես կորոնավիրուսով վարակման, այնպես էլ հիվանդությունից մահացության ցուցանիշով, վարակվել է ավելի քան 3,9 մլնմարդ, մահացել՝ 121 727-ը:










