«Եվրոնյուզ»-ը սկսել է հեռարձակվել նաև վրացերեն լեզվով

14:00 • 01.09.20

Օգոստոսի 31-ին Վրաստանում իր հեռարձակումն է սկսել Euronews հեռուստաալիքի վրացալեզու ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:

Հեռուստաալիքը մասնագիտացած է առավոտյան, ցերեկային և երեկոյան լրատվական հաղորդումներ հեռարձակելու ոլորտում:

Վրացական «Եվրոնյուզը» հիմնադրվել է հեռուստաալիքի և վրաց գործարար Գիորգի Ռամիշվիլիին պատկանող «Սիլկնետ» հեռահաղորդակցային ընկերության համագործակցության արդյունքում:

Վրացական «Եվրոնյուզը» ղեկավարելու համար հրավիրվել է հեռուստաալիքի հունական մասնաճյուղի գլխավոր խմբագիր Վասիլիս Բիցիսը: Բացի Վրաստանից, հեռուստաալիքը վերջին մեկուկես տարվա ընթացքում մասնաճյուղեր է բացել նաև Սերբիայում և Ալբանիայում:

Global Web Index-ի տվյալներով` 2020 թվականի առաջին եռամսյակում հեռուստատեսային և թվային հարթակների միջոցով հեռուստաընկերությունը տեղեկություններով է ապահովել 150 միլիոն մարդու: