Ֆրանսիայում էլեկտրացանցում խափանման պատճառով շուրջ 1000 ուղևոր մի ամբողջ օր մնացել է արագընթաց գնացքում

16:39 • 01.09.20

Ֆրանսիայում էլեկտրացանցում խափանման պատճառով շուրջ 1000 ուղևոր մի ամբողջ օր մնացել է TGV արագընթաց գնացքում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով The Guardian պարբերականին:

Գնացքն Իսպանիային սահմանակից Անդայ քաղաքից մեկնում էր Փարիզ: Չվացուցակի համաձայն՝ գնացքը պետք է տեղ հասներ կիրակի կեսօրին` 5-ժամյա ճանապարհից հետո, սակայն այն կանգ է առել հարավարևմտյան Լանդ շրջանում` էլեկտրաէներգիայի խնդիրների պատճառով:

Դրանից հետո, մինչ լուսաբացը, ուղևորներին նստեցրել են մեկ այլ գնացք` Բորդո հասցնելու նպատակով: Վերջապես ուղևորները Փարիզ են հասել միայն երկուշաբթի կեսօրին:

Գնացքում է գտնվել նաև AFP-ի թղթակիցը, որը պատմել է, որ կիրակի երեկոյան գնացքի սրճարանը տեղեկացրել է, որ սնունդը վերջացել է: Սնունդ հասցրել են միայն վաղ առավոտյան՝ գնացքը փոխելուց առաջ, ջրի պակաս չի եղել:

Բժշկական դիմակները նույնպես տրամադրվել են միայն առավոտյան:

SNCF ազգային օպերատորը տեղեկացրել է, որ տուժել են նաև Անդայից Փարիզ մեկնող ևս երկու գնացքի ուղևորներ: Նրանք ճանապարհի կեսից վերադարձել են Անդայ, որտեղ գիշերելուց հետո ավտոբուսով ուղևորվել են Բորդո, այնտեղից էլ` Փարիզ:  Ընկերությունն ուղևորներին խոստացել է վերադարձնել տոմսերի արժեքի եռապատիկն ու ուսումնասիրել տեղի ունեցածի պատճառները: