Չինական Huawei կորպորացիան մոտ ապագայում կարող է լքել սմարթֆոնների շուկան. ITHome

10:25 • 01.09.20

Չինական Huawei կորպորացիան մոտ ապագայում կարող է լքել սմարթֆոնների շուկան, գրում է ITHome հրատարակությունը՝ հղում տալով չինացի վերլուծաբան Մին-Չի Կուոյին։ 

Վերլուծաբանի տվյալների համաձայն՝ Huawei-ն արագորեն կորցնում է մրցունակությունը՝ մասնավորապես ամերիկյան պատժամիջոցների պատճառով։ Նրա կարծիքով՝ ընկերության համար լավագույն սցենարը շուկայում մասնաբաժնի կրճատումն է, ինչը տեղի կունենա Apple, Oppo, Vivo և Xiaomi հսկաների ամրապնդման հետևանքով։ Վատագույն դեպքում Huawei-ը ստիպված կլինի ամբողջովին լքել շուկան։

Վերլուծաբանը նշում է, որ կորպորացիայի «անկման» վրա ազդող կարևոր գործոններից է նաև սմարթֆոնի բաղադրիչների հետ կապված խնդիրը․ այն, որ Huawei-ը բարձր պահանջներ է սահմանել հեռախոսների «միջուկի» նկատմամբ, ինչն էլ բարդացնում է պատվիրատու-արտադրող կապը։ Մին-Չի Կուոյի խոսքով՝ այս միտումը շուտով շուկայում արտադրական ճգնաժամի կհանգեցնի։ 

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր չինական հեռահաղորդակցային ընկերության դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին. կորպորացիայի ևս 38 դուստր ձեռնարկություն ներառվել է «սև ցուցակում»։

Huawei ընկերությանը մեղադրում են չինական հետախուզության և զինվորականների հետ համագործակցության, ինչպես նաև հաճախորդներին լրտեսելու համար։ Ընկերությունն ԱՄՆ-ի հայտարարությունները քաղաքականացված է որակում՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը խախտում է շուկայական մրցակցության սկզբունքները:

Չինական Huawei կորպորացիան մոտ ապագայում կարող է լքել սմարթֆոնների շուկան. ITHome