Twitter-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հաղորդագրությունը նշել է որպես «մանիպուլացնող տեղեկություն»
Twitter-ը սոցցանցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հաղորդագրությունը նշել է որպես «մանիպուլացնող տեղեկություն»՝ վերջինիս մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենի՝ կոնտեքստից հանված արտահայտության համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Երկուշաբթի Թրամփի շտաբը Twitter-ում տեղադրել էր Պիտսբուրգում Բայդենի ելույթից հատված պարունակող կարճ հոլովակ, որում վերջինս քննադատության է ենթարկում Թրամփին՝ նրան մեղադրելով Ամերիկայում տնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի դեմ պայքարելու անկարողության մեջ:
Մասնավորապես, Բայդենն ասում է,- «Քանի որ իրենք որևէ օրակարգ և նախագահական երկրորդ ժամկետի տեսլական չունեն, Թրամփի և (ԱՄՆ փոխնախագահ Մայք) Փենսի հույսը մեկն է. «Դուք ապահով չեք լինի Ջո Բայդենի Ամերիկայում»: Բայց որտե՞ղ են ապացույցները: Բռնության մեջ, որը տեսնում եք Դոնալդ Թրամփի Ամերիկայում»:
Սակայն, Թրամփի շտաբը կոնտեքստից հանել էր «Դուք ապահով չեք լինի Ջո Բայդենի Ամերիկայում» արտահայտությունը և տեղադրել թվիթերյան էջում, ինչից հետո սոցցանցն այն նշել էր որպես «մանիպուլացնող տեղեկություն»:










