ԱՄՆ դաշնային իրավապահ ուժերը ձերբակալել են զանգվածային անկարգությունների մոտ 200 մասնակցի

03:09 • 01.09.20

ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինները վերջին օրերին ձերբակալել են զանգվածային անկարգություններին մասնակցած մոտ 200 մարդու: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, երկուշաբթի հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ձերբակալել ենք մեծ թվով մարդկանց, ավելի քան 200-ին տարբեր քաղաքներում, որոնք դեմոկրատների ղեկավարման տակ են: Մենք դա ծայրահեղ զուսպ ենք անում, սակայն փորձում ենք օգնել քաղաքներին»,- ասել է երկրի ղեկավարը: Նա հավելել է, որ դաշնային իշխանությունների մոտ «բացակայում է անկարգությունների նկատմամբ համբերատարությունը»:

Ընդ որում, ամերիկացի առաջնորդի խոսքով, ԱՄՆ արդարադատության և ներքին անվտանգության նախարարությունները համատեղ օպերատիվ կենտրոն են ստեղծելու «ձախ ծայրահեղականների մասնակցությամբ քաղաքացիական կոշտ անկարգությունները հետաքննելու համար»: Նա հերթական անգամ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի իշխանություններին կոչ է արել ընդունել իրավակարգը պահպանելու համար Ազգային գվարդիան մտցնելու իր առաջարկը:

«Մենք Փորթլենդում խնդիրը կարող ենք լուծել մոտավորապես 1 ժամի ընթացքում: Երբ պատրաստ լինեք, իմացրեք, մենք արագ կլուծենք ձեր քաղաքի հանցավորության խնդիրը»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ տարբեր քաղաքներում զանգվածային ցույցերն ու անկարգությունները սկսեցին մայիսի վերջին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: