«ԱՄՆ կառավարությունը 15 միլիոն դոլար է առաջարկել իմ գլխի համար». Մադուրոն հայտարարել է, որ Թրամփը հավանություն է տվել իր սպանությանը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել իր սպանությանը և այժմ դիպուկահարներ է փնտրում, որոնք կիրականացնեն իր սպանությունը:
Իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Twitter-ում, Վենեսուելայի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը «15 մլն դոլար է առաջարկել իր սպանության համար»։
«Ես դարձել եմ ամենադաժան ագրեսիայի զոհը. ԱՄՆ կառավարությունը 15 միլիոն դոլար է առաջարկել իմ գլխի համար։ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել իմ սպանությանը, առանց չափազանության, և նրանք փորձում են դիպուկահարների խումբ ուղարկել կամ նրանց վարձել Վենեսուելայում՝ ինձ սպանելու համար»,- ասել է Վենեսուելայի նախագահը։
Մայիսին Վենեսուելայի իշխանությունները հայտնել էին, որ իրենց հաջողվել է կանխել Կոլումբիայից վարձկանների ներթափանցումը, որոնք ծրագրում էին պետական հեղաշրջում իրականացնել Վենեսուելայում և սպանել Մադուրոյին: Նրանց հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում եղել են ԱՄՆ-ի երկու քաղաքացիներ։
Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ, և եթե ԱՄՆ-ն նման գործողություն ծրագրեր, ապա չէին թաքցնի այդ մասին։










