Մալիում հոսպիտալացվել է ռազմական հեղաշրջումից հետո օրերս հրաժարական տված նախագահը
Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան, որն ապստամբների կողմից ձերբակալվելուց հետո օգոստոսի 19-ին հայտարարել էր իր հրաժարականի և խորհրդարանի լուծարման մասին, երեքշաբթի մասնավոր կլինիկա է տեղափոխվել, գրում է The Washington Post-ը։
75-ամյա Քեյթայի վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի չէ նաև՝ արդյոք երկրում տիրող իրադրության պայմաններում նրան հնարավոր կլինի տեղափոխել արտերկիր՝ բուժում ստանալու։
Մալիում խռովությունը սկսվել է օգոստոսի 18-ին՝ մայրաքաղաք Բամակոյի մերձակա ռազմակայանում: Ապստամբներն այդ օրը հայտարարել էին նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթայի և վարչապետ Բուբու Սիսեի ձերբակալության մասին: Մալիում խռովությունը ղեկավարում են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ։
Ավելի ուշ նախագահը հայտարարել էր իր հրաժարականի և խորհրդարանի լուծարման մասին: Զինվորականները կոչ են արել համընդհանուր ընտրություններ անցկացնել։ Նրանց՝ օգոստոսի 20-ին հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ անցումային շրջանում Մալին կառավարելու է հատուկ նշանակված նախագահը, որը կարող է լինել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական անձ:










