Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարները նախքան Պուտին-Լուկաշենկո հանդիպումը Մոսկվայում կքննարկեն Բելառուսում ստեղծված իրավիճակը

01:49 • 02.09.20

Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովը Բելառուսի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Մակեի հետ սեպտեմբերի 2-ին կհանդիպեն Մոսկվայում՝ Մինսկում չդադարող հակակառավարական բողոքի ցույցերի պայմաններում երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու Բելառուսում ստեղված իրավիճակը քննարկելու, հաղորդում է ТАСС-ը:

Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է, մինչ այդ եղել են հեռախոսազրույցներ, այդ թվում՝ Պուտինի և Լուկաշենկոյի միջև, վերջիններն էլ առաջիկայում Մոսկվայում բանակցելու շուրջ են պայմանավորվածություն ձեռք բերել:

Ինչպես աղբյուրն է հաղորդում, երկկողմ բանակցությունների օրակարգում, բնականաբար, ամենից առաջ բելառուսական զարգացումներն են, այդ թվում՝ Եվրոպայում ուժային հարաբերակցության համատեքստում, իսկ Մոսկվան, հիշեցնենք, պաշտոնապես՝ նախագահ Պուտինի մակարդակով ի պատասխան Լուկաշենկոյի խնդրանքի հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում հատուկ ստորաբաժանումներ կուղարկվեն Բելառուս՝ ներքին կարգ ու կանոնը պահպանելու համար, և որ այդ նպատակով արդեն ռուս իրավապահների պահեստային հատուկ ստորաբաժանում է ձևավորվել: