Պակիստանն «անբարոյականություն» քարոզելու պատճառով արգելափակել է ծանոթությունների համար նախատեսված հայտնի հավելվածները, այդ թվում՝ Tinder-ն ու Grindr-ը
Պակիստանն «անբարոյականություն» քարոզելու պատճառով իր տարածքում արգելափակել է Tinder, Grindr և ծանոթությունների համար նախատեսված ևս երեք այլ հավելվածների աշխատանքը, գրում է Reuters-ը։
Պակիստանի հեռահաղորդակցության խորհուրդն այդ մասին ծանուցումներ է ուղարկել Tinder, Grindr, Tagged, Skout և SayHi ծանոթությունների հավելվածներին՝ ընդգծելով, որ կարող է վերանայել իր գործողությունները, եթե դրանց ստեղծողները համաձայնեն չցուցադրել այն նյութերը, որոնք Խորհուրդը համարում է «էթիկային դեմ և անպարկեշտ»։
Sensor Tower վերլուծական ընկերության տվյալները ցույց են տալիս, որ Պակիստանում վերջին 12 ամսվա ընթացքում Tinder հավելվածը ներբեռնվել է ավելի քան 440 000 անգամ: Նույն ժամանակահատվածում Grindr-ը, Tagged-ը և SayHi-ն ներբեռնվել են մոտ 300 000 անգամ, իսկ Skout-ը՝ 100 000 անգամ։
Քննադատները Պակիստանի գերատեսչության գործողությունները որակում են համացանցում ազատ ինքնաարտահայտման իրավունքի սահմանափակմանն ուղղված քայլ:
Tinder-ը, Grindr-ը, Tagged-ը և Skout-ը դեռևս չեն արձագանքել մեկնաբանությունների վերաբերյալ Reuters-ի հարցմանը:










