Հայտնի է՝ երբ է քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութը
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Դենիս Լոգունովը հայտարարել է՝ երբ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի, գրում է gazeta.ru կայքը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի առողջապահության նախարարությանը կից Գամալեայի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը համապատասխան թույլտվությունը սեպտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում կտա։
Լոգունովը հավելել է, որ բնակչության ընդհանուր պատվաստումը կմեկնարկի խմբաքանակի՝ քաղաքացիական շրջանառություն մտնելուն պես։
Նա հիշեցրել է նաև, որ փորձարկումների երրորդ փուլի շրջանակներում կամավորների պատվաստումը կմեկնարկի մոտակա օրերի ընթացքում. այդ նպատակով դեղամիջոցներն արդեն հասցվել են բուժկենտրոնները։ Նախատեսվում է պատվաստումից հետո կամավորների առողջական վիճակը կես տարի հսողության տակ պահել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը նախորդ ամիս է հայտարարել կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի («Սպուտնիկ V») գրանցման մասին։










