Թրամփը Սթիվ Ջոբսի այրուն մեղադրել է ամուսնուց ժառանգած միջոցները կեղծ լուրերի հրապարակման վրա ծախսելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի այրի Լորեն Փաուել Ջոբսին մեղադրել է ամուսնուց ժառանգած միջոցներն Atlantic պարբերականում «կեղծ լուրերի հրապարակման» վրա վատնելու մեջ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ամերիկացի ղեկավարը նման հայտարարություն է հրապարակել իր թվիթերյան էջում:
«Սթիբ Ջոբսն ուրախ չէր լինի իմանալով, որ իր կինն իր թողած գումարները ծախսում է ձախողված արմատական ամսագրի վրա, որը ղեկավարում է խաբեբա Գոլդբերգը (գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգ), և որը կեղծ լուրեր և ատելություն է տարածում»,- գրել է Թրամփը:
Նա նաև կոչ է արել իր հետևորդներին «գրել, զանգահարել նրան և հայտնել իրենց զգացմունքները»:
Atlantic պարբերականն ավելի վաղ հոդված էր գրապարակել՝ հայտնելով, որ Թրամփը 2018 թվականի նոյեմբերին Փարիզ կատարած այցելության շրջանակներում չի ցանկացել այցելել ամերիկյան զինվորական գերեզմանատուն՝ ասելով, որ այնտեղ «անհաջողակներ են հուղարկավորված»: ԱՄՆ նախագահը հերքել է այդ տեղեկությունը՝ այն կեղծ անվանելով:
Atlantic պարբերականը պատկանում է Emerson Collective կազմակերպությանը, որը հիմնել և ղեկավարում է Լորեն Փաուել Ջոբսը:










