Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է Նավալնիի հարցով Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցման համաձայնեցման մասին

10:35 • 07.09.20

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Հայկո Մաասը տեղեկացրել է, որ իր գլխավորած գերատեսչությունը համաձայնեցրել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով իրավական օգնության մասին Ռուսաստանի ուղարկած հարցումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դա նշանակում է, որ տեղեկատվությունը, որը խնդրում են տրամադրել, մեր կողմից կարող է տրամադրվել: Բայց դա (բազմաստիճան) ընթացակարգ է, որովհետև անընդհատ նոր տվյալներ են գալիս, Նավալնիին շարունակում են բուժել, ստուգվում է, թե որքան թույն է մնացել նրա օրգանիզմում»,-բացատրել է Գերմանիայի արտգործնախարարը:

Նախարարը հստակեցրել է, որ իրավաբանական օգնության հարցումը քննարկվում է տարբեր գերատեսչությունների կողմից, այդ թվում `որոշումը պետք է համաձայնեցվի նմուշները հետազոտած Charite կլինիկայի բժիշկների հետ:

«Հետազոտության արդյունքներում մենք խոսում ենք անձնական տվյալների մասին, թույլտվություն (փոխանցման համար) պետք է տա այն անձը, ում դրանք պատկանում են», - հավելել է Մաասը:

Նախարարը չի հստակեցրել, թե ով է տվյալ դեպքում անձնական տվյալների տերը: Սովորաբար, երբ խոսքը վերաբերում է առողջապահությանը, նկատի է առնվում «անհատականացված տվյալների հատուկ տեսակները»: Դրանք օրենքով պաշտպանված են երրորդ կողմերին փոխանցվելուց, սակայն ոստիկանությունը և դատախազությունը որոշակի դեպքերում կարող են պահանջել այդպիսի տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: