Ամուլսարի պահնորդները, քաղաքացուն քարշ տալով դեպի «Լիդիան»-ին պատկանող տարածք, դաժան ծեծի են ենթարկել, նրան այնտեղից ուշագնաց վիճակում հանել են. Շիրակ Բունիաթյան
Նոր պահնորդական ծառայությունն իր ծառայությունն էր կատարում լուռ ու մունջ: Երեկ քաղաքացիներից մեկի հետ ինչ- որ երկխոսություն է սկսվել, որը վերածվել է վիճաբանության: Նրանք դուրս են եկել իրենց համար հատկացված տարածքից, որտեղ հսկողություն էին իրականացնում, դուրս են եկել Ջերմուկ գնացող մայրուղի և քաղաքացուն, ուղղակի քարշ տալով դեպի «Լիդիան»-ին պատկանող տարածք, դաժան ծեծի են ենթարկել և ուշագնաց վիճակում այնտեղից հանել են. այս մասին ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:
Նրա խոսքով` իր մոտ տպավորություն է, որ խնդիրը պահնորդական ծառայություն իրականացնողների մեջ չէ, այլ նրան աշխատանքի հրավիրողի պահանջներն են այդպիսին: Նա նշում է, որ տեղի ունեցածը պետք է արժանանա իրավական գնահատականի, քանի որ ապրում ենք իրավական պետության մեջ:
«Արդեն անտրամաբանական է. նախկինները նույնպես այդ վարքագիծն էին դրսևորում, հիմա նորերն են նույն վարքագիծը դրսևորում, այսինքն` ունեն կոնկրետ առաջադրանք:
Նախկինները երբ հեռացան, կային կոնկրետ իրավական գնահատականներ և փաստեր, որ մարդիկ ոչ իրավաչափ ձևով էին այդտեղ աշխատանքներ իրականացնում: Հիմա այս նոր մարդիկ սկսել են նույն կերպ: Սա ցույց է տալիս, որ ով նրանց հրավիրում է աշխատանքի, դնում է պահանջ, որ ամեն գնով բացեն ճանապարհը, իսկ այդ ամեն գնովը նշանակում է բախումներ և սադրանքներ քաղաքացիների հետ: Մենք նշել ենք, որ նախկին պահնորդները ինչպես են շղթաներով հարձակվել մեզ վրա, ոնց են 50- 100 հոգով, մեկ քաղաքացու ներս քաշելով, ուղղակի զինվորական կոշիկների տակ սամասուդ անում»:
Շիրակ Բունիաթյանը տեղեկացրեց, որ Ոստիկանության կողմից նկարահանված է, թե ինչ է տեղի ունեցել. «Քաղաքացիները տեսել են, թե ոնց են այդ պահնորդները նույնիսկ ոստիկանների քաշքշել, հրել, նույնիսկ հարվածել ու ոստիկանների գնահատականներից կերևա մեր Կառավարության դիրքորոշումը»:
Մանրամասները՝ տեսանյութում։










