Պետք լինի, նստացույց էլ կանենք, հացադուլ էլ. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի (տեսանյութ)
Կառավարությանը ուղղակի խնդրանք. թող բացի սահմանները, գնանք հասնենք մեր երեխեքին, ընտանիքներին, տներին, մենք կառավարությունից ուրիշ ոչինչ չենք ակնկալում: Այս մասին Tert.m-ի հետ զրույցում ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների ակցիայի մասնակիցներից մեկը Լուսինե Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե մեր կողմից սահմանները բաց են, Ռուսաստանն է փակել, նա ասաց, որ ԱԳ նախարարը խաբում է, չի կարող այդպես լինել: «Եթե մարդն ավտոքարշակներով կարողանում է գնալ հասնել Վլադիկավկազ ու այնտեղից գնա օրինական ճանապարհով, ի՞նչն է խնդիրը, մեզ այդպես չեն թողնի, եթե ցանկանանք անել: Իմ երկու անչափահաս երեխաները հենց հիմա անծանոթ աղջկա մոտ են, որ չորս երեխա ինքն ունի, երկուսն էլ իմն են»,- նշեց նա:
Լուսինե Գրիգորյանն ասաց, որ հունվարից է Հայաստանում. «Փետրվարին երեխաներին ուղարկել եմ, ես էլ չեմ կարողանում գնալ: Տուն չունեմ, վարձով եմ ապրում, 100 հազար դրամ է վարձը, չեմ աշխատում, իսկ աշխատելու դեպքում 3000 դրամ է աշխատավարձը, որտեղից տաս այդ 100 հազար դրամը, իսկ էժան տուն գոյություն չունի»- հայտարարեց նա:
Լուսինե Գրիգորյանը նշեց, որ ցանկանում են կառավարությունից մեկն իջնի, իրենց ասի` նստեն տանը, օրինակ՝ ասեն` մինչև սեպտեմբերի 31-ը ոչ մի բան չակնկալել իրենցից, որովհետև ոչինչ չեն անելու. «Դա էլ չեն անում, գոնե մարդու ինչ-որ չափով հույս տան: Թող խումբ-խումբ շարասյունով, ավտոբուսներով գնանք, մենք մեր միջոցներով կգնանք: Մենք Վրաստանի հողի մեջ չենք իջնի, Վլադիկավկազ թող հասցնեն, էնտեղից մենք կգնանք»,- նշեց նա:
Հարցին էլ` որքան են պատրաստվում մնալ կառավարության դիմաց, նա պատասխանեց. «Այնքան, մինչև մի լուծում լինի, պետք լինի, նստացույց էլ կանենք, հացադուլ ել, ինչքա՞ն կարելի է լռել, մարդ ենք, չէ,՞ մենք, ախր չի կարելի»,- ասաց նա:










