«Հայշեն» հզոր թայֆունը մոտեցել է Հրվ. Կորեայի և Ճապոնիայի ափերին. միլիոնավոր մարդիկ տարհանման հրաման են ստացել
Հարավային Կորեայի և Ճապոնիայի ափերին մոտեցել է «Հայշեն» հզոր թայֆունը․ Ճապոնիայի հարավարևմտյան 6 պրեֆեկտուրայի ավելի քան 1,6 միլիոն բնակիչ անհապաղ տարհանման հրաման է ստացել․ Կորեայում, Reuters գործակալության տվյալների համաձայն, արդեն ավելի քան 1000 մարդ է տարհանվել։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ճապոնիայի 11 պրեֆեկտուրայում ավելի քան 6 միլիոն բնակիչ տարհանման հորդորներ է ստացել։ Երկրների իշխանությունները զգուշացնում են, որ թայֆունն իր հետ հորդառատ անձրևներ, ուժեղ քամի և հզոր ալիքներ կբերի։
Ներկայում մասնագետները թայֆունի ուժգնությունը «չափազանց հզոր» են գնահատում․ դրա կենտրոնում քամու ուժգնությունը կազմում է 40մ/վ, առանձին մասերում՝ 60մ/վ ցուցանիշի կարող է հասնել։
Ճապոնիայում 579 ներքին չվերթ է չեղարկվել, կանխատեսվում է, որ առանց հոսանքի են մնալու Կյուսյու շրջանի 464 հազար և Յամագուտի պրեֆեկտուրայի 47 900 տնտեսություն։
Հարավային Կորեայում թայֆունը վրա է հասել Ուլսան շրջանում, որտեղից նախապես առնվազն 1000 մարդ է տարհանվել, 10 օդանավակայանի ավելի քան 300 չվերթ չեղարկվել է։ Ուժգին քամու հետևանքով Կորեական թերակղզու հարավային շրջանում առանց էլեկտրաէներգիայի 5000 տուն է մնացել։










