Apple-ն այսօր կներկայացնի Apple Watch 6-ը և iPad Air 4-ը․ Mirror
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր կարող է ներկայացնել նոր Apple Watch 6-ը և iPad Air 4-ը, գրում է Mirror-ը՝ մի քանի աղբյուրներին հղումով։
Այդ մասին առաջինը հայտնել է LeaksApplePro-ն, որի պնդմամբ՝ տեխնոլոգիական «հսկան» իր նոր սարքերը երկրպագուներին կներկայացնի այսօր՝ սեպտեմբերի 8-ին։
Տեղեկատվական ճշգրիտ արտահոսքերի շնորհիվ հայտնի Ջոն Պրոսերը Twitter-ում հաստատել է, որ Apple-ն իր արտադրանքը կներկայացնի այսօր։
«Apple-ը երեքշաբթի (սեպտեմբերի 8-ին) նախատեսում է մամուլի հաղորդագրություն հրապարակել, թեև պետք է նշեմ, որ դա հստակ չէ»,- գրել է նա։
Ինչպես նշում է աղբյուրը, թեև Apple-ի շատ երկրպագուներ հույս ունեն, որ այսօր հնարավորություն կունենան տեսնել iPhone-ի նոր մոդելները , «ցավոք, դա քիչ հավանական է, քանի որ ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ շնորհանդեսը պետք է տեղի ունենա հոկտեմբերին»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընկերությունը 2020 թվականին կցուցադրի iPhone-ի 4 նոր մոդել՝ 5G կապով, նոր դիզայնով, էկրանների տարբեր լուծաչափերով:
iPhone-ից բացի, 2020 թվականին Apple-ը կներկայացնի Apple Watch ժամացույցների երկու նոր տարբերակ, iPad Air նոր պլանշետ՝ iPad Pro-ի նման էկրանով, ինչպես նաև անլար ականջակալներ, որոնք առաջին անգամ կթողարկվեն Apple ապրանքանիշի անվան տակ՝ Beats ապրանքանիշից դուրս:










