Գերմանիայում հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներկայացվի

12:29 • 08.09.20

Գերմանիայում կանցկացվեն BioNTech ընկերության և դրա ամերիկյան գործընկեր Pfizer դեղագործական արտադրողի կողմից մշակված SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, գրում է korrespondent.net կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտն արդեն հավանություն է տվել պատվաստանյութի՝ այսպես կոչված երկրորդ և երրորդ փուլի համապատասխան փորձարկումներին։ 

Նշվում է, որ Գերմանիայում անցկացվող փորձարկումները հուլիսին մեկնարկած միջազգային հետազոտությունների մաս են ազմում։ Նախատեսվում է, որ փորձարկումներին մասնակցելու է մինչև 30 000 կամավոր, որոնք պատվաստանյութ կամ պլացեբո են ստանալու։ Ներկայում պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին աշխարհի 120 հետազոտական կենտրոններում արդեն 25 000 կամավոր է մասնակցել։ 

«Փորձարկումների մեծամասշտաբ, վերահսկվող երրորդ փուլի անցկացումը կարևոր պայման է պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը վերջնականապես հաստատելու համար»,- ընդգծել է BioNTech ընկերության համահիմնադիր Ուգուր Սահինը։ 

Նշվում է, որ եթե փորձարկումները հաջող ընթանան, ապա երկու ընկերությունն էլ հոկտեմբերին դիմում կներկայացնեն պատվաստանյութը շուկա հանելու համար։ Թույլտվության դեպքում նախատեսվում է մինչև այս տարվա վերջ մինչև 100 միլիոն չափաբաժին թողարկել, իսկ մինչև 2021 թվականը ծրագրվում է այդ թիվը հասցնել մինչև 1,3 միլիարդի։ 

Այժմ ամբողջ աշխարհում դեղագործական ընկերությունները և կենսատեխնոլոգիական ընկերություններն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու ուղղությամբ: Գերմանական մեկ այլ ձեռնարկություն՝ կենսատեխնիկական CureVac ընկերությունը ,նույնպես արդեն սկսել է կլինիկական փորձարկումներ իրականացնել:

Գերմանիայում հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներկայացվի