Ամուլսարում հանքի շահագործումը աղետալի հետևանքներ է ունենալու․ դա են վկայում նաև Ն․ Փաշինյանի կողմից երաշխավորված ընկերության փորձաքննության արդյունքները․ Շ․ Բունիաթյան

22:28 • 09.09.20

Ամուլսարը Ջերմուկը որպես առողջարանային քաղաք լինել չլինելու հարցն է։ Աշխարհում չկա մի առողջարանային գոտի, որի հարևանությամբ գործում է մետաղական բաց հանք և վերամշակվում ցիանիդով։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել  է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

Նա hիշեցրել է, որ Ամուլսարի ստորոտով են հոսում Հայաստանը գրեթե ծայրից ծայր անցնող Արփա և Որոտան գետերը, և սա նաև Ջերմուկ համայնքի բնակիչների խախտված իրավունքների հարցն է։

«Հասկանալով, որ Ջերմուկ քաղաքի բնակիչները իրենց բնակավայրում ունեն հստակ ամրագրված տնտեսական ճյուղ, ( հանքաջրաբուժություն և զբոսաշրջություն) և այն շուրջ 70 տարի զարգացնելով չեն պատրաստվում զիջել իրենց տնտեսական անկախությունը , միտումնավոր դուրս են մնացել հանրային լսումներից։ Այդպիսով հաշվի չի առնվել ջերմուկցու կարծիքն ու իրավունքը։

Ջերմուկ համայնը դրանից հետո հանրաքվեով վերահաստատեց, որ չի պատրաստվում զիջել իր տնտեսական ուղին և հարմարվել պարտադրվող հանքարդյունաբերությանը։

ԱՄՈՒԼՍԱՐԸ Սևանի խնդիրն է։

ԱՄՈՒԼՍԱՐԻ հենց միջով է անցնում Որոտան - Արփա թունելը և հասնում ԱՄՈՒԼՍԱՐԻ ստորոտին գտնվող Կեչուտի ջրամբար, որտեղից էլ զուլալ ջրերը Արփա - Սևան թունելի միջոցով սնուցում են Սևանը։

ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական բաց հանքի շահագործումը բնապահպանական առումով աղետալի հետևանքներ է ունենալու ։

Դա է վկայում բազմաթիվ գիտնականների եզրահանգումը, ինչպես նաև կառավարության կողմից ընտրված, ՀՀ պետբյուջեից վարձատրված և վարչապետ Փաշինյանի կողմից երաշխավորված ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների փորձաքննության արդյունքները և ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ռիսկերը միտումնավոր թաքցնելու կասկածանքով հարուցված քրեական գործը»,- գրել է նա ։